ԱՄՆ-ի միակողմանի միջոցները սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ ելույթ ունենալով Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր կոնֆերանսի 63-րդ նստաշրջանի շրջանակում, հաղորդում է Mehr-ը:

«ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտումն ու միակողմանի կերպով անօրինական պատժամիջոցների սահմանումը, ինչպես նաեւ այլ երկրների նկատմամբ էքստարածքային ազգային օրենքներ կիրառելը, անկասկած, սպառնալիքի տակ է դնում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»,- հայտարարել է Սալեհին:

Խոսելով Իրանի միջուկային գործարքի մասին՝ նա նշել է, որ միջազգային հանրությունը համաձայն է, որ համաձայնագիրը պետք է պատմության մեջ բազմակողմանիության իրապես շրջադարձային պահ լինի՝ որպես միջազգային կարեւորագույն ձեռքբերում:

«Իրանն իր միջուկային ծրագրի նկատմամբ որոշակի ժամանակավոր սահմանափակումներ է ընդունել եւ հավելյալ արձանագրության շրջանակում նոր պարտավորությունների համատեքստում ԱԷՄԳ-ի հասանելիության եւ մոնիթորինգի աննախադեպ մակարդակ ապահովել: Միեւնույն ժամանակ, Իրանը մշտապես հասկացնել է տվել, որ զանգվածային ոչնչացման զենքի ձեռքբերումը, արտադրությունը, եւ վերջին հաշվով օգտագործումն անօրինակ է եւ նախատեսված չէ Իրանի պաշտպանական դոկտրինում: Հատկանշական է, որ ԱՄՆ-ը մշակել է զանգվածային զենքի ոչնչացման բոլոր կատեգորիաները, ներառյալ՝ միջուկային զենքը, եւ նույնիսկ օգտագործել է այն այլ երկրների դեմ, Վաշինգտոնը նաեւ սպառնացել է այլ երկրներին միջուկային զենքի կիրառմամբ»,- ասել է նա:  

«Ցավոք, ամերիկյան պատժամիջոցներից տուժել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ սննդամթերք, դեղամիջոցներ, դեղագործական միջոցներ եւ նույնիսկ Իրանի միջուկային կարգավորող մարմին»,- հավելել է Սալեհին:

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ այլ երկրներ խոստացել են պահպանել համաձայնագիրը, դեռեւս վաղ է խոսել գործարքի հիմնական նպատակների իրականացման եւ Իրանի օրինական պահանջների բավարարման մասին:

«Եվ, հետեւաբար, Իրանն այլընտրանք չուներ: Հարկ է նշել, որ Իրանի կողմից իր պարտավորությունների մի մասի կրճատումը շրջելի է, եթե գործարքի բոլոր երկրներն իրականացնեն իրենց պարտավորությունները»,- նշել է իրանցի պաշտոնյան՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել ԱՄՆ-ի միակողմանի միջոցները: