Ավստրալիայում տղամարդը մահացել է կաչաղակի հարձակման հետեւանքով։ Այս մասին հաղորդել է CNN-ը՝ նշելով, որ կաչաղակների տեղական տարատեսակը բազմացման շրջանում ագրեսիվ է դառնում։

Սիդնեյից հարավ գտնվող Վուլոնգոնգ քաղաքի «Նիկոլսոն» զբոսայգում հեծանվով զբոսնող 76-ամյա տղամարդը, փորձելով խուսափել ագրեսիվ կաչաղակի հարձակումից, դուրս է եկել ճանապարհից ու բախվել ցանկապատին։ Ստացված լուրջ վնասվածքներից նա նույն երեկոյան մահացել է։

Կաչաղակների բազմացման շրջանն Ավստրալիայում սեպտեմբեր-հոկտեմբերն է։ Թռչուններն այդ ժամանակահատվածում հաճախ են հարձակվում, որպեսզի ձագերին պաշտպանեն ենթադրյալ վտանգներից։

Մարդիկ շրջում են երկար փայտերով, հեծանվորդները սաղավարտ են կրում։ Կաչաղակներն իրենց սուր կտուցներով կարող են լուրջ վնաս պատճառել։

Այս տարի Ավստրալիայում արդեն գրանցվել է կաչաղակների 1570 հարձակում, որոնց հետեւանքով 189 մարդ վնասվածք է ստացել։

Կաչաղակներն Ավստրալիայում պահպանվող տեսակ են համարվում։ Արգելվում է նրանց սպանությունն ու ձվերի ոչնչացումը։