Mercedes-Benz-ը ներկայացրել է Vision Mercedes Simplex անվանումով յուրահատուկ մոդելը։ Այն ստեղծված է ռետրո ոճով եւ կցուցադրվի Design Essentials 2019 ցուցահանդեսում, որը կանցկացվի ֆրանսիական Նիցցա քաղաքում։ Ավտոմեքենայի դիզայնը կրկնում է 1900թ․ Mercedes 35 PS մոդելի արտաքին տեսքը, հայտնում է Autonews-ը։

«Միայն այնպիսի ապրանքանիշը, ինչպիսին Mercedes-Benz-ն է, կարող է միավորել պատմությունը եւ ապագան։ Vision Mercedes Simplex-ը խորհրդանշում է մեր ապրանքանիշի շքեղության իսկական տրանսֆորմացիան»,- ասել է գերմանական ընկերության գլխավոր դիզայներ Գորդեն Վագեները։

Կոնցեպտը ստացել է չորս մեծ անիվ, դիսփլեյ՝ ռադիատորի ցանցի փոխարեն, իսկ բեռնախցիկի փոխարեն կաշվե պայուսակ է։ Մեքենայում բացակայում է առջեւի ապակին, սարքերի վահանակը իրենից ներկայացնում է վիրտուալ էկրան, որի վրա կան վարորդի համար անհրաժեշտ բոլոր տվյալները։ Vision Mercedes Simplex-ի տեխնիկական բնութագրերը չեն նշվում։ Ենթադրվում է, որ այն հագեցած է էլեկտրական ուժային սարքով։