Շարժական գրաֆիկայի, արհեստական ինտելեկտի, անհատական ոճի եւ վեբ-դիզայնի մասին շատ այլ գաղտնիքներ երիտասարդ հայ դիզայներները բացահայտեցին սեպտեմբերի 15-ին՝ Երեւանում կայացած «Ջամփ դիզայն» կոնֆերանսի ընթացքում։

Կոնֆերանսի գլխավոր կազմակերպիչներն են Ucraft ընկերությունն ու Yerevantropics-ը:

Ucraft-ի մարքեթինգի գծով տնօրեն Իտա Բաբայանի խոսքով՝ կոնֆերանսի գլխավոր նպատակն է դիզայնի նոր թրենդների միտումները փոխանցել այսօրվա երիտասարդներին․

«Մենք, իսկապես, կարծում ենք, որ ապագան ոչ միայն ծրագրավորողներինն է, այլեւ կախված է UX դիզայնից եւ ստեղծագործական ինտելեկտից: Մեզ համար կարեւոր էր ստեղծել նման հարթակ, որտեղ մարդիկ միմյանց հետ կարող են կիսվել գիտելիքներով»:

Կոնֆերանսի շրջանակում Հայաստան են ժամանել ոլորտի մասնագետներ՝ աշխարհի տարբեր ծայրերից՝ Նիդերլանդներից, Իսպանիայից, Ռուսաստանից, Անգլիայից, որոնք ներկայացնում են այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են` Farfetch-ը, PicsArt-ը, Google-ը, Studio Dumbar-ը, Mail.ru-ն եւ Device-ը։

Device-ի համահիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գրաֆիկ դիզայներ Փոլ Սոլան, օրինակ, Հայաստան է ժամանել Իսպանիայից․ այստեղ էր կիսվելու անհատական ոճի իր տեսլականով․

«Ես փորձում էի բացատրել մասնակիցներն, թե ինչպես կարող են գտնել իրենց անհատական ոճը, քանի որ այն շատ բան է պատմում անհատական նախագծերի մասին եւ ստեղծում ճանապարհ համագործակցությունների համար։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորին հետաքրքրությամբ մոտենալ իրենց նախագծերին, որպեսզի ստեղծագործական աշխատանքի ընթացքում հաճույք ստանան գործընթացից»։

Ինչպես ցանկացած ոլորտ, վեբ-դիզայնը եւս ունի իր փոփոխվող չափանիշներն ու թրենդային միտումները, որոնց վրա մեծ ազդեցություն են ունենում նաեւ սոցցանցային այնպիսի հարթակները, ինչպիսիք են՝ Instagram-ը, Facebook-ը եւ Tik-Tok-ը։

«Իհարկե մեր ոլորտն էլ ունի իր թրենդները, եւ բնական է` ամեն տարի պետք է թարմացնել ինֆորմացիան եւ տվյալերը: Ցանկալի է՝ այդ հարցում դիմել առաջատար մասնագետների օգնությանը, հենց դրա համար էլ մենք այստեղ ենք հավաքել նրանցից շատերին, որպեսզի նրանք փորձով կիսվեն հայ դիզայներների հետ»,-ասում է Իտա Բաբայանը։

Միջոցառման ողջ հասույթը ուղղվելու է Հայաստանում արվեստի զարգացմանը, մասնավորապես՝ սթրիթ արթի ակտիվացմանը։ Այդ նպատակով Ucraft պատրաստի վեբկայքերի խանութում՝ Մոսկովյան 28 հասցեում, հասանելի կլինեն համապատասխան ներկեր և աերոզոլներ բոլոր ցանկացողների համար։