ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացոցիչ Քելլի Քրաֆթն Անվտանգության խորհրդին հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման վերաբերյալ ստացված տեղեկությունները վկայում են, որ պատասխանատվությունն ընկնում է Իրանի վրա, եւ չկա Եմենին դրանում մեղադրելու որեւէ ապացույց, հայտնում է Reuters-ը։  

Մեծ Բրիտանիայի մշտական ներկայցուցիչ Կառեն Փիրսը հայտարարել է, որ իրենք դեռեւս գնահատում են, թե ինչ է կատարվել եւ ովքեր են այդ հարձակումն իրականացնողները։

Նախագահ Թրամփը կասկածով է վերաբերել հարձակումներին առնչություն չունենալու մասին Իրանի պնդումներին։ Նա իր թվիթերյան էջում գրել է․ «Հիշում եք՝ ինչպես Իրանը խփեց անօդաչու թռչող սարքին՝ հայտարարելով, որ այն գտնվել է իր օդային տարածքում, այն դեպքում երբ այն չէր էլ մոտեցել դրան։ Իսկ հիմա նրանք պնդում են, թե կապ չունեն Սաուդյան Արաբիայի վրա կատարված հարձակման հետ։ Կտեսնենք»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը երկրի արեւելյան Saudi Aramco ընկերությունները գրոհի են ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Դրա պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար-խուսիտները։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի ամենախոշոր նավթավերամշակող համալիրը՝ Աբկաիկ քաղաքի մոտ, որտեղ ապրում են շատ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ Խուրայսի շրջանում նավթավերամշակման գործարանը, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքավայրը։ Գրոհներից հետո, այդ վայրերում ուժեղ հրդեհներ են բռնկվել։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ կրակը մեկուսացվել է։

ԱՄՆ-ը հարձակումների համար մեղադրել է Իրանին։ Թեհրանը համարում է, որ ԱՄՆ-ի հայտարարություններն անհիմն են։