ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը «ծայրահեղ անհանգստացած է» շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի նավթային Saudi Aramco օբյեկտների վրա գրոհից հետո լարվածության սրմամբ, հայտնում է AFP-ը։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կանխել նման գրոհների կրկնությունը, քանի որ դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար, եւ մենք նաեւ ծայրահեղ անհանգստացած ենք լարվածության վտանգից»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը «վճռականորեն դատապարտել է» նավթի մատակարարումների վրա ապակայունացնող ազդեցության համար հարձակումները, եւ նաեւ դիմել է Իրանին․ «Մենք անհանգստացած ենք հատկապես նրանով, ինչ տեսնում ենք Իրանի հետ կապված։ Նա սատարում է զանազան ահաբեկչական խմբավորումների եւ պատասխանատվություն է կրում ողջ տարածաշրջանի ապակայունացման համար»։

Եմենցի զինյալ խուսիտները, որոնց դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ պայքարում է արաբական կոալիցիան, հայտարարել են, որ իրենք են անօդաչուների օգտագործմամբ իրականացրել գրոհը։ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հայտարարել է, թե վկայություններ չկան այն մասին, որ գրոհը Եմենից է կատարվել, եւ մեղադրել է Իրանին։ Թեհրանը մեղադրանքներն անհիմն է համարում։