Երկուշաբթի Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ ղրղզ սահմանապահ, եւս 6 զինծառայող վիրավորվել է: Այս մասին նշված է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ:

«Սահմանային միջադեպի ժամանակ տաջիկական կողմից նռնականետներից գնդակոծման հետեւանքով զոհվել է ՊՍԾ պրապորշչիկ՝ «Բորու» հատուկ ստորաբաժանման մարտիկ: Վեց զինծառայողներ վիրավորվել են»,- նշված է տեքստում: ՊՍԾ-ից նշում են, որ բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: «Երկու զինծառայողների վիճակը ծանր է»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիեւը երեքշաբթի ժամանել է Տաջիկստանի սահման: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ղրղզական կառավարության մամուլի ծառայությունից:

«Վարչապետը ժամանել է արտակարգ դեպքի վայր, նրա հետ են փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը եւ Պետական սահմանապահ ծառայության նախագահ Ուլարբեկ Շարշեեւը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Աբիլգազիեւը մտադիր է հանդիպել հանրապետության սահմանամերձ շրջանների բնակիչների հետ, ինչպես նաեւ սահմանին իրադրության հարցով օպերատիվ խորհրդակցություն անցկացնել:

Ըստ ղրղզական կողմի տվյալների՝ սահմանին փոխհրաձգությունը սկսվել է սեպտեմբերի 16-ի երեկոյան: Պատճառը վիճելի տեղամասի տարածքում Տաջիկստանի քաղաքացների կողմից օբեկտի կառուցումն էր: Տաջիկ զինծառայողները կիրառել են ոչ միայն հրազեն, այլեւ ականանետներ:

Ղրղզստանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ կոնֆլիկտի հետեւանքով զոհվել է հանրապետության մեկ զինծառայող: 13 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 6 սահմանապահ եւ դեռահաս: Դուշանբեն եւս հայտնում է տուժածների առկայության մասին:

Երկու երկրների սահմանի երկարությունը կազմում է 970 կմ: Այսօրվա դրությամբ կողմերը սահմանագիծը հաստատել են 519 կմ երկայնքով: