ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն ապաստան է ստացել Ռուսաստանում, կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է շահել մարդկանց համակրանքը, բայց իր խոսքերն արտահայտում է այնպիսի ագրեսիվ ձեւով, որ հակառակ էֆեկտն է առաջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ նրան (Թրամփին) բավական հեշտ է հասկանալ։ Նախագահ Թրամփն ինձ զարմացնում է ավելի շուտ որպես մեկը, ով երբեք սեր չի ճաշակել, որի համար ստիպված չի եղել վճարել,- ասել է Սնոուդենը երկուշաբթի MSNBC հեռուստաալիքի հարցազրույցում։- Նա ձգտում է, որպեսզի դուր գա մարդկանց։ Ցավոք, դա շատ բացասական հետեւանքներ է առաջացնում»։ ԱԱԳ նախկին վերլուծաբանը նաեւ շեշտադրել է ԱՄՆ 45-րդ նախագահի «ագրեսիվ եւ վիրավորական» ձեւը։

Բացի այդ, Սնոուդենն ասել է, որ կցանկանար ոչ թե վերացնել ամերիկյան այդ հատուկ ծառայությունը, այլ, ընդհակառակը, «բարեփոխել այն»։ Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ ապատեղեկատվությունն այնպիսի թափ է հավաքել Միացյալ Նահանգներում, որ խորապես խոցել է ամերիկյան քաղաքականությունը։ Նրա տեսակետից՝ գաղափարը, թե զգացողությունները կամ զգացումներն ավելի կարեւոր են փաստերից, «թունավոր է դեմոկրատիայի համար»։ «Խոսակցություններն այն մասին, թե այսուհետ ուր ենք գնալու, անիմաստ են, որովհետեւ մենք չենք կարող հասնել փոխըմբռնման այն բանի շուրջ, թե որտեղ ենք գտնվում այս պահին եւ ինչ է հատկապես տեղի ունենում»,- շարունակել է նա։ 

Նրա կարծիքով՝ տարբեր երկրների հատուկ ծառայությունները եւ ընկերությունները անհատական համակարգիչների եւ բջջային հեռախոսների մեջ ներդրվելու համար կիրառում են նույնպիսի մեթոդներ եւ տեխնոլոգիաներ, ինչ հանցագործ-հաքերները: «Նրանք կարող են կարդալ ձեր էլեկտրոնային փոստը, վերցնել ցանկացած փաստաթուղթ, նայել շփումների ցանկը եւ միացնել գտնվելու վայրի ներկառուցված տեղորոշիչը»,- ասել է Սնոուդենը: «Նրանք կարող են տեսնել միանգամից ամեն ինչ, ինչ կա ձեր հեռախոսի մեջ... եւ դա ուղարկել իրենց բազա»,- պարզաբանել է ԱԱԳ նախկին աշխատակիցը:

«Նրանք [հատուկ ծառայությունները] այս կերպ վաճառում են մեր ապագան, անցյալը, պատմությունը, անհատականությունը եւ վերջնարդյունքում՝ վերցնում են մեր ուժը՝ մեր պատմություններին ստիպելով աշխատել իրենց համար»,- եզրափակել է Սնոուդենը:

Նրա՝ Permanent Record («Անձնական գործ») գիրքը, ինչպես սպասվում է, սեպտեմբերի 17-ին լույս կտեսնի մոտ երկու տասնյակ երկրներում: Ռուսաստանում հուշագրությունը կվաճառվի նոյեմբերին: