Սեպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստին:

Ինչպես գիտեք, կառավարությունն իր ծրագրով հանձնառություն է ստանձնել ապահովելու ժողովրդագրական իրավիճակի կայունությունը եւ ծնելիության աճի խթանումը:

Միաժամանակ, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը կառավարության համար ինքնանպատակ չէ: Դրանով է պայմանավորվում պետության ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու սոցիալական անվտանգությունը: Հետեւաբար, այս խնդիրը մեր գործունեության առաջնահերթություններից է: Մյուս կողմից էլ, նախորդ ժամանակաշրջանում ժողովրդագրական ոլորտում արձանագրված բացասական միտումները շատ մտահոգիչ են: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական, որովհետեւ նման բազմաշերտ ու խորը արմատներ ունեցող խնդիրը միայն նորարար ու հիմնարար լուծումներով է հնարավոր հաղթահարել:

Ներկայացնեմ, թե ինչ քայլեր են կատարվել մինչ օրս: Հասկանալի է, որ հիմնահարցը հնարավոր չէ հասցեագրել առանց խորքային վերլուծության, այդ պատճառով Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նախորդ նիստերի ընթացքում  անդրադարձել ենք ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին, ռազմավարական հիմնադրույթներին ու միջազգային լավագույն փորձին: Վեր են հանվել մեր երկրի առջեւ ծառացած ժողովրդագրական խնդիրները:

Այսօր արդեն ունենք անհրաժեշտ փաստերն ու վերլուծությունները, որպեսզի անցում կատարենք նախապատրաստական փուլից դեպի գործնական քայլերի իրագործում:

Մեզ համար նաեւ ակնհայտ է, որ թեմայի հրատապության պատճառով իրականացվող բարեփոխումների արդյունքներին երկար չենք կարող սպասել։ Հետեւաբար, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները պետք է իրագործվեն արդեն հաջորդ տարվա՝ 2020 թվականի առաջին կիսամյակից։

Հարգելի՛ ներկաներ,

Անցնենք արդեն իսկ նախանշվող ծրագրերի քննարկմանը: Կատարված վերլուծությունների արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է մշակել եւ կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, վերանայվելու են նաեւ գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաեւ հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքներին։

Այս կապակցությամբ տեղեկացնեմ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էի մշակել եւ շահագրգիռ մարմինների դատին ներկայացնել ծրագրային առաջարկներ հետեւյալ ուղղություններով.

•        դրամական նպաստների համակարգի, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստի չափի վերանայման հնարավոր տարբերակներ,

•        նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովում,

•        երեխա ունեցող եւ դեռեւս երեխա չունեցող երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության լրացուցիչ աջակցություն:

Հենց այս ծրագրային առաջարկներին եւ դրանց հնարավոր իրագործման խնդրին էլ անդրադառնալու ենք այսօր»:

Նիստի ընթացքում քննարկվեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստի համակարգի բարելավման,  երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնման եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆիզիկական   հասանելիության  վերաբերյալ ծրագրային առաջարկները։  Անդրադարձ կատարվեց նաեւ երիտասարդ եւ երեխա ունեցող, ինչպես նաեւ երիտասարդ եւ երեխա չունեցող ընտանիքների բնակարանային ապահովության մատչելիության ընդլայնմանն ուղղված ծրագրային առաջարկին։

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաեւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարականներ տվեց՝ լրամշակել վերոնշյալ ծրագրային առաջարկները, ինչպես նաեւ քննարկման արդյունքներից բխող նոր առաջարկներ եւ փաթեթներ ներկայացնել: