Պիտի ինչ-որ ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որպեսզի մենք լիարժեք կարողանանք մեկնաբանել պարոն Վանեցյանի հրաժարականը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

«Շատ դժվար է մեկնաբանել էդ ամեն ինչը, որովհետեւ նախ պարոն Վանեցյանի հրապարակած տեքստի ձեւակերպումները մի քիչ հստակ չէին,  եւ եթե նույնիսկ ենթադրության մակարդակով մենք մտածենք, թե ինչ էր ուզում ասել իր մտքերով, ապա դժվար է մեկնաբանել: Պիտի ինչ-որ ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որպեսզի մենք լիարժեք կարողանանք մեկնաբանել: Ես շատ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` տարաձայնություններ եղել են ամեն դեպքում, որ ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել. «Դե եթե աշխատանքից ազատում են, կամ ազատվում են, դա նշանակում է` վերադասի եւ ստորադասի միջեւ ինչ-որ տարաձայնություններ կան: Ես խիստ կասկածում եմ, որ վարչապետը կարող է սպային ոչ վայել հանձնարարություններ տալ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին հրաժարական է տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Մեկնաբանելով իր հրաժարականը՝ նա նշել է, որ որոշումն այնքան վստահ է ընդունել, որքան ընդունել էր ԱԱԾ-ն գլխավորելու որոշումը։