Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսեւորումներ առկա են նաեւ «Հայփոստ» ՓԲԸ առանձին բաժանմունքների աշխատակիցների կողմից կենսաթոշակների կամ նպաստների գումարները շահառուներին կանխիկ եղանակով վճարելու գործընթացում:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ամենամսյա կենսաթոշակի կամ նպաստի գումարները տրամադրելու ժամանակ «Հայփոստ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի համապատասխան փոստային բաժանմունքի 5 աշխատակիցներ նպաստառուներից եւ կենսաթոշակառուներից կանոնավոր ստացել են 100-ից 200-ական ՀՀ դրամ գումարներ։

Հաշվի առնելով, որ ստացված գումարը չի գերազանցել սահմանված չափը՝ նախաքննական մարմինը որոշում է կայացրել այդ աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության հիմքով տվյալ քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

Կատարված ուսումնասիրությունները հիմք են տվել ողջամիտ ենթադրություններ անելու, որ «Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների կողմից կենսաթոշակառուներից կամ նպաստառուներից ապօրինի գումարների հավաքագրման գործողությունների կատարումը կարող է տարածված լինել նաեւ մարզի տարածքում գործող «Հայփոստ»-ի այլ բաժանմունքներում եւս: Նկատի ունենալով նաեւ այդ հանգամանքը՝ Լոռու մարզի դատախազի պաշտոնակատարը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատարին՝ միջոցներ ձեռնարկելու ընկերության փոստային բաժանմունքներում հնարավոր նմանատիպ երեւույթները չեզոքացնելու նպատակով: Միջնորդագրով բարձրացվել է նաեւ նպաստառուներից եւ կենսաթոշակառուներից գումարներ հավաքագրած աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Վերջին շրջանում ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել բազմաթիվ հաղորդումներ «Հայփոստ» ՓԲԸ տարբեր մասնաճյուղերի աշխատակիցների կողմից կենսաթոշակների կանխիկ վճարման ծառայություններն առերեւույթ օրենսդրության պահանջների ակնհայտ այլ խախտումներով իրականացվելու վերաբերյալ:

Ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների՝ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է միայն անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող՝ նոտարի կողմից վավերացված լիազորագիր ունեցող անձին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջեւ կնքված՝ կենսաթոշակների կամ նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն՝ կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է տրամադրվել բացառապես վճարման ցուցակում ներառված կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունքն ունեցող անձին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

Մինչդեռ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի եւ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԵԿՏ) համակարգի տեղեկությունների համադրությամբ պարզվել է, որ 2019թ. ապրիլ եւ նախորդ ամսիներին հանրապետությունից տեւականորեն, առանձին դեպքերում մեկ տարուց ավելի բացակայող բազմաթիվ շահառուներ այդ ողջ ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներից վճարվել են:

Դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա տրվել են ստուգողական միջոցառումներ իրականացնելու, առանձին դեպքերում քրեական վարույթներ հարուցելու հանձնարարություններ: ՀՀ դատախազությունը հետեւողական է լինելու այս հարցում: Ձեռնարկված նշված միջոցառումների արդյունքում առերեւույթ հանցավոր դրսեւորումների վերաբերյալ բավարար տվյալներ ստացվելու դեպքում կկիրառվեն դատախազական ներգործության միջոցներ՝ այդ գործընթացներում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով: