Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին բացառել է ցանկացած մակարդակով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը, հայտնում է Tasnim գործակալությունը:

«Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններ չեն լինի ոչ մի մակարդակով: Այդպիսի շփումների անցկացումը կնշանակի Իրանի վրա ճնշում գործադրելու ամերիկյան քաղաքականության հաջողությունը»,- ասել է այաթոլլահը:

Նրա խոսքով՝ «եթե ԱՄՆ-ն հրաժարվի իր բառերից եւ վերադառնա միջուկային գործարքին, այդ ժամանակը հնարավոր է, որ Իրանը նրանց հետ երկխոսության գնա»: «Հակառակ դեպքում ոչ մի բանակցության մասին խոսք լինել չի կարող ո՛չ Նյու Յորքում, ո՛չ որեւէ ցանկացած այլ տեղ»,- հավելել է Խամենեին:

Երկուշաբթի Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի նախատեսում սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ: