Անհայտ անձինք Կիեւի մոտ հրդեհել են Ուկրաինայի Ազգային բանկի նախկին տնօրեն Վալերիա Գոնտարեւայի տունը։ Այս մասին նա երեքշաբթի տեղեկացրել է ուկրաինական «Նովոյե վրեմյա» պարբերականին։

Գոնտարեւայի խոսքով՝ Գորենիչի ավանում գտնվող տուն նետել են բռնկվող խառնուրդով շիշ, ինչի հետեւանքով նրա տունն այրվել է ամբողջովին, այն չեն կարողացել մարել անգամ հրշեջները։

Օգոստոսի վերջին Լոնդոնում, որտեղ այժմ ապրում է Գոնտարեւան, հետիոտների անցումի վրա նրան հարվածել է մի մեքենա։ Նա հիվանդանոց է ընկել, իսկ ոստիկանությունը պարզում է՝ արդյոք դա միտումնավոր էր, թե՞ դժբախտ պատահար։ Սեպտեմբերի 5-ի գիշերը անհայտ անձինք բենզին են լցրել եւ այրել նրա հարսի մեքենան։

Օգոստոսի 27-ին Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը թույլ էր տվել Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյին ուժով Գոնտարեւային բերել հարցաքննության Ազգային բանկի վարչության անդամների ծառայողական դիրքի չարաշահման գործով։