Որեւէ գնահատական տալու համար անհրաժեշտ է պատշաճ կերպով պարզաբանել վերջին օրերին արված բոլոր հայտարարությունները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռացումը:

Նրա խոսքով՝ քանի դեռ չկան պարզաբանումներ, անհնար է քաղաքական որեւէ գնահատական տալ: «Մենք կարող ենք ենթատեքստեր փնտրել, կարող ենք եզրակացություններ անել, ինչի արդյունքում քաղաքական անցանկալի արձագանք կձեւավորվի, եւ այդ պատճառով ինձ համար դժվար է տեղի ունեցածին որեւէ գնահատական տալ»,- ասաց Աբովյանը:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ իրեն զարմացրել է մեկ այլ հանգամանք.

«Ինձ համար տարօրինակ է, որ ԱԱԾ պետը, որին հակահեղափոխության դեմ պայքարի շրջանում ամենաազդեցիկ դեմք էին համարում, նրա պատվին դիֆիրամբներ հյուսում, երեկվանից կոշտ քննադատության է արժանանում: Ինձ համար դա տարօրինակ է եւ զարմանալի»:

Ընդ որում, նա հույս հայտնեց, որ ԱԱԾ նախկին պետը հանրությանը կբացատրի՝ կոնկրետ ինչ նկատի ուներ իր այդ հայտարարությամբ:

«Կարծում եմ՝ այժմ գնդակը գտնվում է գործող իշխանության դաշտում եւ անհրաժեշտ է, որպեսզի նրանք բացատրեն այդ իրավիճակը»,- նշեց պատգամավորը:  

Հարցին, թե ինչպես է գնահատում Վանեցյանի գործունեությունը, պատգամավորը դժվարացավ հստակ պատասխանել, սակայն նշեց՝ «ոչ բացասական»: