Եթե հանքարդյունահանումը կազմեր երկրի ՀՆԱ-ի կամ վճարված հարկերի 20 տոկոսը, այդ ժամանակ կարելի էր մտածել անվտանգության մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լեւոն Գալստյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը նշանակում է հարված հասցնել մեր երկրի անվտանգությանը։

«Հանքարդյունահանումը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 2.8 տոկոսը եւ վճարված հարկերի ընդամենը 5 տոկոսը, ապահովում է 9 հազար աշխատատեղ, եթե դա պետական եւ ազգային անվտանգության առումով այդպիսի կարեւորություն է ներկայացնում, ապա այդ թվերը թող նորից նայեն։ Եթե լիներ ՀՆԱ-ի կամ վճարված հարկերի 20 տոկոսը, այդ ժամանակ կարելի էր այդ մասին մտածել»,–նշեց նա։

Լեւոն Գալստյանը շեշտեց՝ Հայաստանում հանքարդյունաբերություն չկա, կա հանքարդյունահանում, «այսինքն՝ ընդերքի պաշարների հանում եւ խտանյութի արդյունահանում, որը կոչվում է հանքահումքային կցորդ»։

Նա նաեւ հավելում է՝ ժամանակին հանքարդյունաբերության բոլոր ձեռնարկությունները 100  տոկոսով տրվել են տարբեր երկրների, միջազգային եւ տեղական մասնավոր ձեռնարկությունների. «100 տոկոսով մասնավոր ձեռնարկությունը չի կարող անվտանգության առումով երկրի երաշխիք լինել։ Դրանք գոնե պետք է լինեին ժողովրդի սեփականությունը, այդ դեպքում կարելի էր այդ մասին խոսել»։

ՀԲՃ անդամը կարեւոր է համարում ուսումնասիրելը, թե այդ ձեռնարկությունները ինչպես են դարձել մասնավոր.  «Նախ պետք էր մտածել, թե ինչպես են հանքարդյունաբերական այդ ձեռնարկությունները կոպեկներով դարձել մասնավոր սեփականություն, պարզել, թե ինչպես են դրանք սեփականաշնորհվել ու միջոցներ ձեռնարկել դրանք ժողովրդին հետ վերադարձնելու ուղղությամբ կամ այնպիսի հարկատեսակներ մտցնել, որ այդ հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտները երկրի զարգացման եւ անվտանգության համար նշանակություն ունենային»։

Հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը նշանակում է հարված հասցնել մեր երկրի անվտանգությանը. Փաշինյան