Ես Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու հիմքեր չեմ տեսնում։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում սեպտեմբերի 17-ին, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման մասին Սահմանադրական դատարանի կողմից որոշում ընդունելու հիմքերը վաղուց արդեն թվարկված են եւ սպառիչ են։

«Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը  պարտավոր է նախաձեռնությունը ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի մասնակցության դեպքում։ Սակայն մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել... Մենք այն քաղաքական ուժը չենք, որը մեխանիկորեն միանա մի ինչ-որ նախաձեռնության՝ առանց դրա հիմքերի ուսումնասիրման եւ վերլուծության»,- ընդգծել է Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի ընթացակարգ սկսելու նախաձեռնության մասին նախօրեին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խմբակցության նիստի արդյունքների հիման վրա։