Բաքվի մետրոյում հրմշտոցի պատճառով դադարեցվել է գնացքի ընթացքն ու անջատվել են վագոնների լույսերը: Contact.az-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան Բաքվի մետրոյում գնացքը կանգնել է երկու կայարանների միջեւ թունելում մոտ 7 րոպե: Կայարան ժամանելուց հետո վագոնների դռները մի քանի րոպե չեն բացել: Արդյունքում տոթի պատճառով մի քանի ուղեւոր կորցրել է գիտակցությունը, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել:

Բացի այդ, խախտվել է նաեւ այլ գնացքների երթեւեկությունը: Բաքվի մետրոպոլիտենի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խափանումները տեղի են ունեցել հրմշտոցի հետեւանքով: Անջատվել են նաեւ վագոնների լույսերը: Ավելի ուշ խնդիրը կարգավորվել է: Նշվում է, որ մետրոյում ուղեւորների կտրուկ հոսքը կապ ունի ուսումնական տարվա սկզբի հետ: Չնայած նրան, որ մետրոյի գնացքների երթեւեկության հաճախականությունը մեծացվել է, մետրոպոլիտենը չի կարողանում կառավարել մարդկանց հոսքը: