Փաշինյանի կողմից ներկայացված այսպես կոչված 100 փաստերը ցույց տվեցին, որ այդ փաստերի տակ իրականում մեծամասամբ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին: Այս մասին Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով իր եթերը վերնագրել է. «100 փուստ կառավարության մասին. Փաշինյանի չստացված ասուլիսի հետքերով»:

Նրա խոսքով, վարչապետն ամեն անգամ փորձում է ներշնչել, որ մենք ապրում ենք ուրախ ու երջանիկ երկրում, որ կառավարությունն աշխատում է օր ու գիշեր, բայց դա քննադատության չի դիմանում:

«Հավատացեք նրան, ինչ տեսնում եք, իսկ դուք տեսնում եք ապիկար կառավարում վերից վար, բախվում եք պետական մարմիններում քաոսի, բարդակի: Կառավարման որակը կտրուկ իջել է»,-ասաց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ասուլիսում ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին, որտեղ ընդամենը մեկ անդրադարձ է եղել արտաքին քաղաքականությանը. «Այսինքն վարչապետն ու կառավարությունը իրենց ողջ ստեղծագործական, գիտաֆանտաստիկ ներուժով հանդերձ կարողացել են միայն մեկ փաստ ներկայացնել արտաքին քաղաքականության մասին: Այդ փաստն էլ ԵՄ-ի կողմից այս տարվա համար լրացուցիչ հատկացված 35 մլն եվրոյի մասին է:

Զավեշտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ չկան փաստեր արտաքին ձեռքբերումների մասին՝ կապված ՌԴ-ի, Իրանի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի հետ հարաբերությունների հետ: Երեկվա շարանի մեջ արտաքին քաղաքական տկլորությունը աչքի էր զարնում:

Շուտով կլինի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման երկրորդ տարին, որեւէ լուրջ, բեկումնային, արագընթաց տեղաշարժ չկա: Փաստորեն, երկու տարվա մեջ այդ համաձայնագիրը չի վավերացվելու, լավագույն դեպքում կվավերացվի հաջորդ տարի:

ՌԴ-ի հետ հարաբերություններում բացառապես կնճիռներ են կուտակվում»:

ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ վարչապետն իր ասուլիսում գեթ մեկ անգամ չանդրադարձավ Արցախի հարցում իր խոստմանը, որ Արցախը վերադարձնելու է բանակցային սեղան. «Նա չանդրադարձավ, թե որ փուլում է այս խնդիրը, ինչու չի լուծվում, իսկ չլուծելու դեպքում ինչու չի ընդունում, որ տվել է հերթական սուտ խոստումը»:

«Նիկոլ Փաշինյանն այն վատ մեքսիկական սերիալների սցենարիստների նման չի հասկանում, որ կոռուպցիայի մասին սցենարը, այդ սերիալը պետք է փակել, որովհետեւ զարգացման լուրջ սյուժե չունի: Հիմա էլ ուզում է հանգիստ թողնել Սաշիկ Սարգսյանին եւ թիրախավորել է Սերժ Սարգսյանի ընտանիքի այլ անդամներին: Վստահաբար կարող եմ ասել, որ ելքը ավելի չի լինելու, քան Ալեքսանդր Սարգսյանի դեմ վարվող եւ ոչ մի բանով չավարտված 1,5 տարվա կոռուպցիոն կեղծ բացահայտումները:

Նիկոլն այլեւս նույնիսկ ջանք չի գործադրում, որ ստերի, փուչիկ-մանիպուլյացիաների որակը քիչ թե շատ մարսելի լինի»: