«Իմ քայլը» դաշինքի պատգամավորները չգիտեն, թե Արթուր Վանեցյանն ինչու է հրաժարական տվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից, եւ որն է նրա հայտարարության էությունը: Սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականը:

Նրա խոսքով՝ պատգամավորները պարտավոր չեն իմանալ այս կամ այն պետական գործիչների պատրաստվող հրաժարականի մասին, քանի որ դա նախատեսված չէ նրանց պարտականությունների շրջանակում: «Այդ հայտարարության տեքստը կարող է պայմանավորված լինել հարյուրավոր պատճառներով: Այն կարող է պայմանավորված լինել լարված հարաբերություններով, երբ Վանեցյանը հայտնաբերել է, որ կառավարությունը չի կարողանում առաջնահերթն ու երկրորդականը տարբերակել, եւ որ կառավարությունն այլ կերպ է կարծում, եւ որ սա կարող է դառնալ տարրական տարաձայնությունների պատճառ»,- պարզաբանեց Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք չեն ցանկանում գուշակությամբ զբաղվել: Միաժամանակ, նա տարակուսանք հայտնեց Վանեցյանի վերջին հայտարարության եւ իրեն հրաժարականի դրդած պատճառների կապակցությամբ:

Իշխող դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Արուսյակ Ջուլհակյանը նույնպես չփորձեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը՝ միայն հավելելով, որ վարչապետը եւ նրա մամուլի քարտուղարը բավականին լիարժեք մեկնաբանել են ԱԱԾ տնօրենի հրաժարականը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Facebook-ի միջոցով անսպասելիորեն հայտնել էր իր հրաժարականի մասին: Վանեցյանը, մասնավորապես, նշել էր, որ մեկուկես տարվա իր գործունեությունը միշտ բոլորի աչքի առջեւ է եղել եւ ամբողջությամբ նվիրվել է հայրենիքին ծառայելուն: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- նշել էր Վանեցյանը: