ԱԺ-ի կողմից ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռացումը պատահականություն ենք համարում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Ընդ որում, նրա խոսքով, համընկման կասկածներն արդարացված կլինեին, եթե հաշվի չառնեինք մեկ հանգամանք: ««Լուսավոր Հայաստանը» վաղուց եւ հետեւողականորեն հայտարարում էր, որ ԱԱԾ եւ ոստիկանության պետերի պաշտոնները պետք է որոշակի քաղաքական բնույթ կրեն: Կար նաեւ կառավարության շրջանակներում օրինագիծն ընդգրկելու նախաձեռնություն, սակայն մենք այն մերժեցինք»,- հստակեցրեց Գրիգորյանը:    

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Facebook-ի միջոցով անսպասելիորեն հայտնել էր իր հրաժարականի մասին: Վանեցյանը, մասնավորապես, նշել էր, որ մեկուկես տարվա իր գործունեությունը միշտ բոլորի աչքի առջեւ է եղել եւ ամբողջությամբ նվիրվել է հայրենիքին ծառայելուն: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- նշել էր Վանեցյանը: