Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բանակցություններ է վարել պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ամուր եւ դեմոկրատական խաղաղության ուղիների վերաբերյալ, տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը։

Հանդիպմանը մասնակցում էին Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների գործերով դեպարտամենտի տնօրեն Չերիլ Ֆերնանդեսը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի անունից բանակցություններին մասնակցում էին կառույցի ղեկավար Րաֆֆի Համբարյանը եւ հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը գնահատում է մեր բազմամյա երկխոսությունը պետդեպարտամենտի հետ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ եւ ողջունում է ԱՄՆ առավել կառուցողական հնարավորությունները՝ ուղղված խաղաղության, Արցախի եւ հարեւան պետությունների քաղաքացիների առաջընթացի եւ բարգավաճման աջակցմանը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ-ում նրա գործընկերները նշել են, որ պետք է ապահովեն ավելի ուժեղ առաջնորդություն, որպեսզի հակազդեն ադրբեջանական սադրանքներին եւ ագրեսիային։