Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, ըստ էության, ազդարարում է նրա քաղաքական գործունեության սկիզբը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության եւ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Վանեցյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա իր համար բավականին երկարաժամկետ նպատականեր է նախանշել:

«Այդ հայտարարությունով, կարծում եմ, նա սկսում է իր քաղաքական կարիերան եւ փորձում է աշխատանքը շարունակել արդեն քաղաքական հարթության վրա»,- բացատրեց Մարուքյանը:

Նա նաեւ հայտնեց, որ իրենք նորմալ եւ ջերմ հարաբերություններ ունեն Արթուր Վանեցյանի հետ, եւ նրա հրաժարականն իրենց համար անսպասելի էր:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Facebook-ի միջոցով անսպասելիորեն հայտնել էր իր հրաժարականի մասին: Վանեցյանը, մասնավորապես, նշել էր, որ մեկուկես տարվա իր գործունեությունը միշտ բոլորի աչքի առջեւ է եղել եւ ամբողջությամբ նվիրվել է հայրենիքին ծառայելուն: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- նշել էր Վանեցյանը: