«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի շտապում մեկնաբանել իշխող «Իմ քայլը» դաշինքի առաջարկած նախաձեռնությունը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացի մեկնարկի մասին, քանի դեռ խմբակցությունը չի ծանոթացել այդ գործընթացի հիմքերի հետ: Սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության եւ նույնանուն կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ իրենց դեռեւս ոչ ոք չի դիմել այս նախաձեռնության կապակցությամբ, եւ ոչ մի փաստաթուղթ առայժմ չի պատրաստվել:

«Այ, երբ ամեն ինչ պատրաստ լինի, այդ ժամանակ էլ կմեկնաբանենք: Ցանկացած խորհրդարանական խմբակցություն, ըստ համապատասխան սահմանադրական օրենքի, իրավունք ունի նման գործընթաց սկսել Սահմանադրական դատարանի դատավորի հանդեպ, եւ դա բուն այդ խմբակցության իրավունքն է: Երբ «Իմ քայլը» կնախաձեռնի այդ գործընթացը, մենք հանդես կգանք այդ հարցով մեր մոտեցմամբ»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարում էր, որ իրենք իրենց առջեւ խնդիր չեն դնում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հանելու հարցը, սակայն նրանց կարծիքը կտրուկ փոխվեց «Մարտի 1-ի գործի» վերաբերյալ ՍԴ վճռից հետո, որով որպես գլխավոր մեղադրյալ է անցնում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս որոշումը իշխանություններին ձեռնտու չէր եւ իշխող «Իմ քայլը» դաշինքի միջոցով մտադիր է նախաձեռնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հանելու գործընթացը:

Արտախորհրդարանական ընդդիմությունն, իր հերթին, այս գործընթացը համարում է հակասահմանադրական եւ վտանգավոր պետական կայունության ու կարգի պահպանման առումով: