Եթե օրինականության առումով նայենք, ապա Սահմանադրական դատարանի որոշման հայտարարությունից 1 րոպե անց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է լիներ ազատության մեջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու միջնորդության մասին դատարանի որոշման հրապարակումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այսօր ականտաես կլինենք, թե կան դատավորներ, որոնք դիմանում են Նիկոլին եւ նիկոլական իշխանության  ճնշումներին, թե բոլորն արդեն գնում են նիկոլական ռեժիմի ճնշումի հետեւից։

Եթե դատավորը առաջնորդվի ՀՀ սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ, Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, եթե առաջնորդվի Նիկոլ Փաշինյանի կապրիզներով, ապա բնականաբար 2-րդ նախագահը կլինի անազատության մեջ»,–ասաց նա։

Շարմազանովը ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի հայտարարության առնչությամբ ասաց. «Դատարանների դեմ արշավին Նիկոլ Փաշինյանը լծել է նաեւ օրենսդիր իշխանությանը։ Երեկ ինչ ասեց Արարատ Միրզոյանը, կարծում եմ ընթերցեց Նիկոլ Փաշինյանի կողմից գրված տեքստը։ Դա խայտառակություն է եւ ոչ մի աղերս չունի ժողովրդավարության  հետ»։