Զարմանալի է այն, որ Սաուդյան Արաբիան չի կարողանում պաշտպանել իր ռազմավարական նավթային օբյեկտները, հատկապես այն ֆոնին, որ երկիրը պաշտպանական ծախսերի առումով զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը: Այս մասին հայտարարել է Օմանում ԱՄՆ նախկին դեսպան Գերի Գրապպոն, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով CNBC-ին:

Նա ենթադրել է, որ թագավորության ղեկավարությունը ստիպված է բացատրել՝ ինչպես էր հնարավոր նման հարձակում նավթի արդյունահանման առանցքային ենթակառուցվածքում:

Ստոկհոլմի աշխարհի խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ 2018թ. Էր Ռիադը պաշտպանական նպատակով 67,6 մլրդ դոլար է ծախսել: Այդ ցուցանիշին զիջում են միայն ԱՄՆ-ը եւ Չինաստանը:

Գրապպոն խոստովանել է, որ մոտեցող անօդաչու թռչող սարքերը հեշտ չէ նկատել, սակայն դա առաջին նման հարձակումը չէ: Այդ պատճառով, նրա խոսքով, սաուդցի զինվորականները պետք է կանխատեսեին նման հարձակման հնարավորությունը:   

Հիշեցնենք, որ շաբաթ լույս գիշերը երկրի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էր եմենցի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ էր բռնկվել: Հրդեհը լուրջ վնաս էր հասցրել ենթակառուցվածքին:

Արդյունքում Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը 2 անգամ նվազել է, իսկ գները ռեկորդային աճ են գրանցել վերջին 30 տարվա ընթացքում: Վերականգնման եւ նավթի արդյունահանման հստակ ամսաթվեր հայտնի չեն: Վերլուծաբանները չեն բացառում, որ եթե գործընթացը ձգձգվի, ապա նավթի գինը կաճի մեկ բարելի դիմաց մինչեւ 100 դոլար:    

ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ դերակատարում ունենալու համար մեղադրում է Իրանին: Իրանում այդ մեղադրանքներն անհիմն են համարում: