Եթե իրավական գործընթաց լիներ, ՍԴ-ի որոշումից անմիջապես հետո քրեակատարողական հիմնարկից պետք է Քոչարյանը դուրս գար կամ արտահերթ դատական նիստ պետք է արվեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

«Իշխանությունները թքած ունեն այդ իրավական գործընթացի վրա, եթե իշխանությունները շրջափակում են դատարաններ, սպառնում են դատավորներին, եթե սկսվեց գործընթաց, որ անցնեն ՍԴ-ի վրայով՝ դա արդեն իրավական գործընթացից դուրս է։ Եթե իրավական գործընթաց լիներ, ՍԴ-ի որոշումից անմիջապես հետո քրեակատարողական հիմնարկից պետք է Քոչարյանը դուրս գար կամ արտահերթ դատական նիստ պետք է արվեր եւ Քոչարյանը դուրս գար։ Մենք ուզում ենք լինի իրավական գործընթաց, բայց դրա հետեւանքները աշխարհաքաղաքական են։ Հավաքական իմաստով մեր ժողովուրդը կդավաճանի՞ Եռաբլուրում հանգչողների հիշատակը, թե չէ»,- ասաց Հարությունյանը։

Նա անդրադարձավ նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը. «Ճիշտն կլիներ, եթե ինքը հասցներ կալանավորել Փաշինյանին։ Ես կոչ եմ անում, որ Նիկոլ Փաշինյանին կալանավորեն ուժայինները, որովհետեւ այլ տարբերակ չկա։ Մենք իրավունք չունենք սպասելու, որ տեսնենք Նիկոլ Փաշինյանն էլի ինչ-որ վատ բան անի, նոր քայլեր անենք։ Այնպես որ այս գործընթացը շատ կարեւոր է, եւ մենք պիտի հասկանանք, որ դա սովորական դատարանի որոշում չէ, եւ Աննա Դանիբեկյանը 21-րդ դարի դատական համակարգի «Սոսե մայրիկն է»»։

Հարությունյանը նշեց, որ «Մարտի 1-ի» իրադարձությունների պատասխանատուները պետք է գտնվեն, բայց ոչ այս իշխանության գործունեության ընթացքում.

«Որովհետեւ էս իշխանության ժամանակ, եթե մենք նայում ենք հիմնական պատասխանատուն հրահրիչներն են, հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի։ Նույն Շանթ Հարությունյանն իր ասուլիսում ասում էր՝ Նիկոլ, քո խոստացածը դրել են իմ վրա։ Էլ չեմ ասում Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը պետական դավաճանություն էր, երբ դու նստել ես տանը եւ ժողովրդին տանում ես բախման, եւ ամսի 1-ի գիշերն էլ ասում՝ ապրեք, շատ լավ էր, ի՞նչն էր լավ, որ 10 զոհ եղա՞վ»։