Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստի ժամանակ տեղի ունեցավ անկանխատեսելի միջադեպ:

Պաշտպանական կողմի եզրափակիչ ելույթի ժամանակ տուժողներից մեկն անսպասելի կանգնեց եւ փորձեց ուղղվել դեպի ելքը: Տղամարդու գործողությունն ընդհատեց դատավոր Աննա Դանիբեկյանը: Դատավորը հիշեցրեց, որ դուրս գալուց առաջ նա պարտավոր էր դատավորից թույլտվություն խնդրել, եւ նման պահվածքը դիտարկվում է որպես դատարանի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք, ինչը նախատեսում է պատժամիջոց՝ ընդհուպ մնչեւ 100 հազար դրամի տուգանք: Առայժմ դատարանը կսահմանափակվի դուրս գալ թույլ չտալով:

Հարցին անսպասելի միջամտեց մեկ այլ տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Դատավորի որոշումը նա անմարդկային որակեց եւ հիշեցրեց ֆիզիոլոգիական կարիքների գոյության մասին: Իր կարծիքը նա ամրապնդեց համապատասխան միջնորդությամբ:

Դատավորը նաեւ հիշեցրեց, որ ելույթ ունեցողը չի ներկայացնում այդ տուժողի շահերն ու միջնորդությունն անհիմն որակեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միացան տուժողի խնդրանքին՝ իսկ միգուցե իրեն վա՞տ է զգում:

Դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք նա իրեն վա՞տ է զգում, ինչին տղամարդը պատասխանեց, որ պարզապես ուզում էր լվացվել: Արդյունքում դատավորը նրան թույլ տվեց դուրս գալ, սակայն հիշեցրեց, որ դատարանի դահլիճում բոլոր պետք է ստանան դատավորի թույլտվությունը եւ միայն դրանից հետո գործողություններ ձեռնարկեն: