ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին ժամը 17:00-ին: Այս մասին սեպտեմբերի 17-ին դատական նիստի արդյունքներով հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Հիշեցնենք, որ փաստաբաններն ավելի վաղ միջնորդել էին անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու մասին, կամ, եթե դատավորն այդպես որոշի, գրավի դիմաց ազատելու մասին: 

Օգտվելով եզրափակիչ ելույթի իրավունքից՝ փաստաբան Հայկ Ալումյանը մանրամասն ներկայացրեց իր պաշտպանյալին ազատ արձակելու հիմքերն ու նշեց նրան կալանքի տակ պահելու  հիմքերի բացակայությունը, պարզաբանեց քննարկումների էությունն ու կարգը:

Հակադարձելով տուժած կողմի ներկայացուցչի՝ փաստաբան Տիգրան Եգորյանի հայտարարությանն այն մասին, որ իրավապահները պետք է արձագանքեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հաղորդմանը (նա ավելի վաղ հայտարարել էր, որ նախօրեին դատավոր Դանիբեկյանի վրա ճնշում է գործադրվել, բայց հետո հայտարարությունը հետ էր վերցրել), Ալումյանը նկատեց, թե մի՞թե դատախազությունը տեղյակ չէ հայտնի հեռախոսազրույցից, որտեղ քննարկվել էր դատավորի վրա ճնշում գործադրելու հարցը: «Դա պարզելու փոխարեն, նրանք պարզում են, թե ձայնագրությունն ինչպես է հայտնվել համացանցում: Հենց այս պատճառով մենք սկսեցինք այլեւս չխոսել: Հիմա դատախազությանը թույլ չեն տալիս դա քննել: Բայց շուտով կփոխվի, եւ դատախազությունը նույն եռանդով կքննի»,- նշեց փաստաբանը: Այդ պահին ելույթին միջամտեց դատախազը, եւ դատավորը պահանջեց բանավեճը դադարեցնել

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշման մասին երկու բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի – խմբ.) երեկվա հայտարարությունների մասին հիշատակմանը, այն նույնպես չարժանացավ դատախազության ուշադրությանը: Այստեղ դատավորը հիշեցրեց, որ դա քննարկման թեմա չէ, եւ Հայկ Ալումյանը նախընտրեց թեման փակել:

Տուժած կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը փորձեց ընդհատել փաստաբանի ելույթը, փորձը կասեցվեց դատավորի կողմից, որը թույլ տվեց հայտարարությունն անել փաստաբանի ելույթի ավարտից հետո։

Տուժածների ներկայացուցիչները եւ տուժածները պարբերաբար տեղերից ռեպլիկներ էին անում։ Ելույթների ընթացքում, խախտելով անմեղության կանխավարկածը, արվում էին երկրորդ նախագահի համար վիրավորական հայտարարություններ։ Արդյունքում՝ փաստաբանները դատարանի ուշադրությունը հրավիրեցին անմեղության կանխավարկածի խախտման եւ այն բանի վրա, որ այս դատավարության ընթացքում ոչ մի կերպ չի քննարկվում մարդկանց զոհվելու հարցը, Քոչարյանին վերագրվում են բացառապես սահմանադրական կարգի խախտումը եւ կաշառք ստանալը։ Դատավորը ստիպված էր նորից պարզաբանել քննարկման առարկան։

Փաստաբան Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ քաղաքացու ձերբակալումը մեկ գործի շրջանակում՝ ուրիշ գործով նրա ներկայության ապահովման համար, անթույլատրելի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տեսակետից։ Ավելին, Եվրոպական դատարանն ըստ էության ձերբակալությունը անոմալիա է համարում։ Ռոբերտ Քոչարյանը համոզված է իր անմեղության մեջ, եւ այնուամենայնիվ, պատրաստ է մասնակցել դատավարությանը, նշել է փաստաբանը։ Օրբելյանը զուգահեռներ է անցկացրել. Դավիթ Սանասարյանը, որը նույնպես մեղադրվում է կաշառակերության մեջ, ազատության մեջ է եւ գործնականում շարունակում է զբաղեցնել պաշտոնը՝ պարբերաբար հայտարարություններ անելով։ «Խտրական վերաբերմունք հավասար պայմաններում»,- նշել է փաստաբանը։

Լսելով կողմերին՝ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ։