Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել են աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի հավաքական պատասխան տան սաուդական նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումներին: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտնել է Ջոնսոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդները համաձայնության են հասել նաեւ տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտության հարցում եւ հայտնել իրենց հակվածությունը Իրանի հարցով ընդհանուր մոտեցմանը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի արեւելքում գտնվող Saudi Aramco ձեռնարկությունը գրոհի էր ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ հուսիները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակումներին մասնակից լինելու մեջ մեղադրել էր Իրանի իշխանություններին: Նրա խոսքով՝ «փաստեր չկան կարծելու, թե հարձակումներն իրականացվել են Եմենից»: Իր հերթին, Իրանի ԱԳՆ-ը հերքել էր Պոմպեոյի մեղադրանքները՝ դրանք անհիմն որոակելով: