Մեղրիում ավարտվել են Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման աշխատանքները։ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում ֆինանսավորել է եկեղեցու վերականգնումը Մեղրի քաղաքում։ Համապատասխան հուշագիրը Երեւանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը եւ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրել էին 2016 թվականի սեպտեմբերի 16-ին։ Եկեղեցու պահպանության համար միջոցներ հատկացրել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ հաջորդ վերականգնողական աշխատանքները տեղի կունենան Լոռիում։ Սանահինի վանական համալիրը նույնպես կվերականգնվի ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Նախագծին հատկացվել է 100 հազար դոլար։