Toyota ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Corolla-ն՝ ճապոնական ավտոշուկայի համար։ Ավտոմեքենան հաճախորդներին կառաջարկվի սեդան եւ ունիվերսալ թափքերով։ Նորույթի գները սկսվում են 16,2 հազար եւ 16,9 հազար եվրոյից՝ համապատասխանաբար, հայտնում է Autonews-ը։

Մեքենան ստեղծել են TNGA-ի հիմքի վրա, որի շնորհիվ մեծացել է կոնստրուկցիայի ամրությունը, լավացել է կառավարելիությունը, ինչպես նաեւ նվազել է աղմուկի եւ վիբրացիաների մակարդակը։ Իր նախորդի հետ համեմատած՝ ավտոմեքենան չափերով փոքրացել է՝ նորույթի երկարությունը 4495 մմ է կազմում, լայնությունը՝ 1745 մմ։ Անվային բազայի չափը հավասար է 2640 մմ-ի։ Առջեւից նորույթը MacPherson-ի կարգի կախոց ունի, հետեւում երկու ուղղահայաց լծակներ են։ Ավտոմեքենայի դիզայնն ավելի սպորտային է։ Ներսում տեղադրվում է անվտանգության 7 բարձիկ եւ մոդեռնացված սենսորային դիսփլեյ։

12-րդ սերնդի Corolla-ն հագեցրել են Safety Sense անվտանգության էլեկտրոնային համակարգով, որի մեջ մտնում են ճակատային բախման նախազգուշացման համակարգը, երթեւեկության շարքային վերահսկողության, գիշերը ճանապարհային նշանները եւ անցորդներին ճանաչելու գործառույթները։ Բացի այդ, էլեկտրոնային օգնականների շարքը լրացնում են ադապտացված «կռուիզ-կոնտրոլը», կայանատեղիից հետընթաց դուրս գալու օգնության գործառույթը եւ «կույր» գոտիների վերահսկման համակարգը։