Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ՍԴ որոշման հիմքով վերացնելու միջնորդությունը: Որոշումը այսօր հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Քոչարյանի փաստաբանները հանդես եկան հայտարարություններով՝ նշելով, որ  կալանքը փոխելու քննությանը զուգահեռ ակտիվանում են իշխանությունների ճնշումները, ինչպես եղավ երեկ։

Փաստաբանները միջնորդեցին կիրառել գրավ կամ ազատությանը չառնչվող խափանման այլ միջոց։ Նրանք ներկայացրին իրենց հիմնավորումները, դատարանը լսեց նաեւ հակառակ կողմի՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների եւ դատախազների տեսակետները։ Քննությունից խուսափելու կասկածների վերաբերյալ խոսեց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ ելույթ ունեցավ, նա բացառեց եւ քննության վրա ազդելու եւ դրանից խուսափելու հնարավորությունը։

Իսկ դատարանի բակում զուգահեռ ցույցեր էին՝ մի կողմում Քոչարյանի աջակիցներն էին, մյուս կողմում՝ իշխանության։ Երկու թեւերի միջեւ կրկին լարվածություն էր, եւ այս անգամ էլ ոստիկանության միջամտության կարիքը եղավ։

Խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշումը իշխանությունների տոտալ ճնշումներով մեկնաբանեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին։ Դատական նիստի ավարտից հետո իշխանության կողմնակիցները երթ արեցին դեպի Մյասնիկյանի արձան եւ ծաղիկներ դրեցին այնտեղ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի։

Վանեցյանի երեկվա հրաժարականը, եւ հատկապես հայտարությունը բուռն քննարկումների առիթ դարձան։ Նախ արձագանքեց վարչապետի խոսնակը՝ հայտարարելով, թե  պետք է պարզել՝ ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Վլադիմիր Կարապետյանը նաեւ հույս է հայտնել, որ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն:

Վանեցյանը այսօր խոստացավ առաջիկայում, եթե անհրաժեշտություն լինի, մեկնաբանել իր հրաժարականի տեքստը: Նա հայտարարեց՝ «Այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Եվ ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են կապել դրանց հետ: Որևէ մեկը ինձ չփորձի կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև նա մարդ է, որը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա ՀՀ օրենքների առջև:

Այս հեռակա զրույցին միացավ նաեւ Միքայլ Մինասյանը։ Արձագանքելով ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում նա գրեց․ «Հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, պետական իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ տեռորի իրականացմանը մասնակցելու կամ այդ ամենի մասին իմանալու եւ չբարձրաձայնելու համար»։

Երկվա աղմոտ թեմանները՝ Վանեցյանի հարժարական եւ «Իմ քայլի» նախաձեռնությունն ընդդեմ Հրայր Թովմասյանի, նաեւ խորհրդարանում էին ակտիվ քննարկվում։ Եթե վարչապետի խոսնակը Վանեցյանի հայտարարության ծագման վարկածներ ուներ, ապա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մոտ կատարյալ չիմացություն էր, նրանք չգիտեին, թե Վանեցյանն ինչու է հրաժարական տվել եւ ինչու այդպիսի հայտարարությամբ։

Իսկ «Լուսավոր Հայաստանում» արդեն ենթատեքստեր են նկատել։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Վանեցյանը քաղաքական կարիերա է սկսում։

«Բարգավաճ Հայաստանը» կսպասի «Իմ քայլի» փաստարկներին, որպեսզի դիրքորոշում հայտնի Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու նախաձենության վերաբերյալ, իսկ առայժմ այդպիսի հիմքեր չեն տեսնում։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը եւ նրա նշած մտահոգություններին անդրադարձավ Սահմանադրական դատարանի անդամ Արեւիկ Պետրոսյանը, մասնավորապես թե՝ ինչու են առանց քննության թողել Վահե Գրիոգրյանի դիմումը Քոչարյանի հայցով քննությանը ՍԴ երեք անդամների մասնակցության անհնարինության վերաբերյալ։ Ըստ Արեւիկ Պետրոսյանի՝ այդ դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով եւ ոչ սահմանված ընթացակարգերը պահպանելով:

Վանեցյանի թեմայի շուրջ աշխույժ քննարկների մեջ էր նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունը։ Հանրապետական Աշոտյանն այդ հրաժարականի պատճառներն ու նշանակությունն ընդարձակեց՝ դրա մեջ տեսնելով գեոպոլիտիկա։

Իսկ նախկին ԱԱԾ-ական Գուրգեն Եղիազարյանը իշխանությունների համար խիստ բացասական սեցնար կանխատեսեց, եթե հանկարծ խոսի Վանեցյանը ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ բացման խոսքում հայտարարել, որ  ըստ էության իրենք ադեկվատ են գնահատում իրավիճակը։ Բուն օրակարգի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ միայն ընդհանուր ձեւակերպումներ են, Անվտանգության խորհուրդը ամփոփելու է արդյունքերը եւ նանախնշելու է անելիքները։

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է, կազմել է 476 դրամ, եվրոն 524 դրամ է, բրիտանական ֆունտը 590, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 42 դրամ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +30+32։