ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի քննարկի «Թալիբան» արմատական շարժման հետ (արգելված է ՌԴ-ում) խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ դրա ներկայացուցիչներն այնպիսի հարձակումներ են գործում, ինչպիսին են ահաբեկչություններն աֆղանական Փարվան նահանգում եւ Քաբուլում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է թալիբների վախկոտ գրոհներն ընդդեմ աֆղան ժողովրդի։ Նախագահ (Թրամփը) հստակ հասկանալ է տվել, որ բանակցություններ չի վարի խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ, քանի դեռ թալիբները շարունակում են այդպիսի հարձակումներ կատարել»,- նշել է Գրիշեմը։

ԱՄՆ-ը անցած տարվա աշնանը փաստորեն անջատ խաղաղ բանակցություններ էր սկսել թալիբների հետ։ Կառավարությունը Քաբուլում դրանց չի մասնակցել, եւ միայն պոստֆակտում ամերիկյան կողմը տեղեկացրել է արդյունքների մասին։ Աֆղանական իշխանությունները բազմիցս քննադատել են ամերիկյան վարչակազմին խաղաղ բանակցություններին նման մոտեցման համար։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը հանդիպումների ինը փուլի արդյունքներով սեպտեմբերի սկզբին հաստատել է  թալիբների հետ խաղաղության մասին սկզբունքային պայմանավորվածության ձեռքբերումը, որով նախատեսվում է այդ թվում եւ ամերիկյան ավելի քան 5 հազար զինվորականների դուրսբերումը Աֆղանստանից։

Սակայն այնուհետեւ Թրամփը Քաբուլի ահաբեկչության համատեքստում հայտարարեց իր Քեմփ Դեւիդի նստավայրում աֆղանստանցի գործընկեր Աշրաֆ Գանիի եւ «Թալիբան» շարժման առաջնորդների հետ գաղտնի պատրաստվող հանդիպումը չեղարկելու մասին։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ դադարեցնում է թալիբների հետ խաղաղության մասին բանակցությունները։

Թալիբները ստանձնել են ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնք երեքշաբթի տեղի են ունեցել աֆղանական Փարվան նահանգում եւ երկրի մայրաքաղաքում։ Փարվան նահանգում, նախագահ Աշրաֆ Գանիի նախընտրական հանրահավաքի վայրից ոչ հեռու, երկու պայթյուն է որոտացել։ Զոհվել է մոտ 24 մարդ, 31 մարդ վիրավորվել է։ Աֆղանստանի գործող նախագահը չի տուժել։ Մի փոքր ավելի ուշ Քաբուլի կենտրոնում տեղի է ունեցել եւս մեկ պայթյուն։