Իռլանդացի ջուլհակները ստեղծել են հանրահայտ սերիալ «Գահերի խաղի» թեմաներով 90-մետրանոց գոբելեն՝ Նորմանդիայում Բայե ֆրանսիական քաղաքում կազմակերպված ցուցահանդեսի համար, փոխանցում է «Euronews»-ը:

Կտավը հյուսել են Հյուսիսային Իռլանդիայի տուրիստական գրասենյակի պատվերով, որտեղ կատարվել է կինոսագայի նկարահանումների մեծ մասը: Գոբելենի վրա վերարտադրել են գլխավոր հերոսների կյանքի առանցքային տեսարանները: Այն պատրաստելու համար աշխատել են 1500 ժամ:

Ցուցադրանմուշը կախված է միջնադարյան արվեստի իսկական հուշարձանի՝ Բայեից XI դարավերջի գոբելենի կողքին, որի վրա պատկերված են Հասթինգսի մոտ ճակատամարտի եւ Անգլիայի նվաճման տեսարաններ:

«Այս թանգարանային նախագծի, մեր աշխատանքի նպատակն է այսօր արդիական թեմայի միջոցով հետաքրքրության ակտիվացումը մեր պատմության, ավանդույթների, մշակութային ժառանգության հանդեպ: Ավելի վաղ գոբելենը ցուցադրվում էր Բելֆասթում՝ Օլսթերի թանգարանում»,- նշել է Հյուսիսային Իռլանդիայի Ազգային թանգարանի տնօրեն Քեթրին Թոմսոնը:

«Իռլանդիայի տուրիզմ» գործակալության մարքեթինգի հարցերով տնօրեն Մարկ Հենրին նշել է, որ «Գահերի խաղի» երկրպագուները 2018 թվականին Իռլանդիային ապահովել են 60 մլն ֆունտ՝ սերիալի նկարահանումների վայրեր ուխտագնացության շնորհիվ: