Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին։

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հերքեց տեղեկությունները, թե Անվտանգության խորհրդում որեւէ քննարկում է եղել ՀՀ ոստիկանապետի հրաժարականի հետ կապված. «Ես հերքում եմ որեւէ քննարկում Անվտանգության խորհրդում այդ թեմայով»:

Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ իր եւ վարչապետի միջեւ որեւէ տարաձայնություն չկա. «Չեն կարող լինել տարաձայնություններ, շատ սինխրոնիզացված եւ որպես կառավարության անդամ աշխատանք է ծավալվում», - ընդգծեց Տոնոյանն ու հավելեց, որ իրեն հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի տարաձայնությունների մասին։

Հարցին, թե արդյոք ուժային մարմինների ղեկավարների հրաժարականները ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Չեմ կարծում, համակարգ է գործում»:

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը խորհրդարան է ժամանել՝ մասնակցելու «Իմ քայլի» հետ փակ հանդիպմանը: