Այս տարին Բարձրագույն որակավորման կոմիտեի համար բավականին աղմկահարույց ստացվեց։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

Նրա խոսքով՝ «արժեքային հեղափոխությունը ոչ ամենուրեք է մտել եւ գիտությունն ու բուհական համակարգը բացառություն չեն»։

«2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 17-ը ԲՈԿ մուտքագրվել էր 286 որակավորման գործ, այս տարի նույն ժամանակահատվածում 188 գործ, 98–ով պակասել են մուտքագրվող գործերի քանակը, ինչի արդյունքում մենք ունենք ավելի շատ ժամանակ որակավորման գործերն ուսումնասիրելու։ Ես դա բացատրում եմ նրանով, որ ոչ թե մարդիկ որոշել են հեռու մնալ, այլ հասկանալով, որ համակարգի հետ կարող են խնդիրներ ունենալ, ովքեր ունեն արտագրություններ, սկսում են մշակել այդ տեքստը, ուստի հնարավոր է մյուս տարի ունենանք սովորականից ավելի շատ հոսք, քանի որ 98-ը, որ պակասել է, հնարավոր է ավելանա մյուս տարվա ընդհանուր քանակին։ Մենք դրան պատրաստ ենք եւ պատրաստվել ենք դիմակայել համակարգային կերպով»,–նշեց նա։

Գոգյանը հայտնեց՝ մշակել են գիտական հարթակ, որը մոտ 1 ամսից կգործարկվի. «Այդ հարթակում լուսաբանելու ենք ասպիրանտների գիտական գործունեությունը, որը թույլ կտա խուսափել օդիոզ դեպքերից, երբ մարդիկ ընդհանրապես գիտության հետ չառնչվելով՝ միանգամից գալիս են եւ ստանում են գիտական աստիճան»։

Նրա փոխանցմամբ՝ ատենախոսությունների պաշտպանությունը կհեռարձակվի բաց կամ փակ ֆորմատով. «Այն թույլ կտա Սփյուռքից, մեր արտագաղթած հայազգի, ինչպես նաեւ այլազգի գիտնականներին ներառել մասնագիտական խորհուրդների կազմում, ինչն արդեն թույլ կտա փակ ցիկլից խուսափել»։

ԲՈԿ նախագահի խոսքով՝ ներդրվող համակարգը կապահովի թափանցիկություն, ցույց կտա, թե ովքեր են իրականում գիտությամբ զբաղվում, կբացառվեն լրիվ նույն թեմայով ատենախոսությունների պաշտպանությունները։

Նա նաեւ շեշտում է՝ պետք է ուշադրություն դարձնել գիտական բովանդակություն ստեղծելուն։ «Մեր գերխնդիրն էր ապահովել պրոցեսն այնպես, որ կեղծումներն ու մախինացիաները բացառվեն, եթե դա հաջողենք, կանցնենք գիտական բովանդակությանն ավելի ուշադրություն դարձնելուն, որը այնքան էլ ԲՈԿ-ի գործառույթների մեջ չէ, մենք պրոցես ապահովվող մարմինն ենք, Գիտության կոմիտեն ու բուհերն ավելի շահագրգիռ լինեն որակի համար, բայց մենք կմիջնորդենք, որ փոխվի մեր գործառույթները»։

Գոգյանի համար անհասկանալի է, թե, օրինակ, ռոմանագերմանական լեզուների թեմաներով ատենախոսությունները ինչու են գրվում հայերեն.  «Բանասիրական գիտություններից անցած տարի հաստատվել է 40 ատենախոսություն, այս տարի 12-ը, մեր գլխավոր հարցը մասնագիտական խորհրդի նախագահին եւ բուհին այն է, թե ինչու են ռոմանոգերմանական լեզուների վերաբերյալ ատենախոսությունները գրվում հայերեն։ Այդ հարցի պատասխանը սկզբունքորեն չունեին, իրենք էլ ընդունեցին որ այդպես չի կարելի։

Օրինակ մաթեմակիայի պարագայում պարտադիր պայման է, որ ընդդիմախոսներից մեկն լինի արտասահմանցի գիտնական, ուստի մենք մեր ատենախոսությունը գրում էին ռուսերնե կամ անգլերեն։ Պայմանավորվեցինք, որ նրանք էլ կգնան այդ ճանապարհով»։

ԲՈկ նախագահի փոխանցմամբ՝ անցած տարի տնտեսագիտական գիտությունների ոլորտում հաստատվել է 70 ատենախոսություն, այս տարի դեռեւս 29, 7 գործ էլ պետք է ուսումնասիրեն, այսինքն կարող է այդ թիվը հասնել 36-ի, բայց դրանից երեւի թե չի անցնի։

Սակայն թվի նվազեցումը, նրա խոսքով, չի նշանակում, որ ատենախոսությունների որակը բարձրացել է. «Նկատել ենք, որ որոշ ոլորտներում կա գիտությունը ինժեներությունից տարբերակելու խնդիր, կա նաեւ գիտական նպատակի բնագավառի հստակեցման խնդիր։ Շատ հայցորդներին թվում է, թե վիճակագրական տվյալների հավաքագրումը գիտություն է, իրականում դա գիտական գործունեության հետ կապ չունի, գիտությունը եղած տվյալները վերլուծելը, ճիշտ եզրահանգումների գալն կամ կանխատեսումներ կատարելն է»։