Մոսկվայի Խորոշեւյան դատարանը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել ՕՄՕՆ-ի գումարտակներից մեկի նախկին հրամանատար Միխայիլ Պիտալեւին, որը 3 մլն ռուբլու չափով կառաշք է շորթել պետական պաշտպանության ներքո գտնվող գործարարից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դատարանը մեղավոր է ճանաչել Պիտալեւին ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 5-րդ մասով («առանձնապես խոշոր չափով կաշառքի շորթում») եւ ՌԴ ՔՕ 291.1 հոդվածով («Կաշառքի փոխանցման միջնորդություն»): Նա 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել, ինչպես նաեւ տուգանվել 4 մլն ռուբլու չափով: 6 տարով արգելք է սահմանվել իրավապահ մարմիններում պաշտոն զբաղեցնելու համար»,- հայտնել են դատարանում:

Գործի էությունը

Պիտալեւը ձերբակալվել էր Մոսկվայում պետական պաշտպանության ներքո գտնվող քրեական գործի ֆիգուրանտից կաշառք շորթելու համար: Տղամարդուն ձերբակալել էին 2 մլն ռուբլի ստանալու ժամանակ:

Դատավճռի տեքստում ասվում է, որ գործով տուժածը գործարար Կարեն Մխիթարյանն է: Նա շորթման մասին քրեական գործով վկա է, որի կասկածյալը քրեական հեղինակություն Սերգեյ Ասատրյանն էր: Վկայի տունը հրդեհել էին, ինչից հետո քննությունը որոշել էր ապահովել Մխիթարյանի ու նրա կնոջ պետական պաշտպանությունը: Վկային պաշտպանություն էին ցուցաբերում ՕՄՕՆ-ի աշխատակիցները:

Ռոսգվարդիայի ՕՄՕՆ-ի օպերատիվ գումարտակի հրամանատար Պիտալեւը 2017-ին գործարարից պահանջել էր 360 հազար ռուբլի, որպեսզի նրա պահպանությունն իրականացվի որակով եւ հավուր պատշաճի։ Մխիթարյանը համաձայնել էր եւ ամբաստանյալի քարտին փոխանցել պահանջվող գումարը։ Պիտալեւը միջոցները ծախսել էր բուհում դստեր ուսման վրա։ Այնուհետեւ Պիտալեւը Մխիթարյանին առաջարկել էր երկարացնել նրա պետպաշտպանությունը 12 ամսով, դրա համար անգամ գործարարի հանդիպումն էր կազմակերպել Պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կենտրոնի բաժիններից մեկի ղեկավարի տեղակալ Կուլակովի հետ։ Փոխարենը ամբաստանյալը պահանջել էր գործարարից 3 մլն ռուբլի։ Դրանից 500 հազարը Պիտալեւը ծրագրել էր թողնել իրեն, իսկ մնացածը տալ Վկաների պետպաշտպանության կենտրոնի ղեկավարներին։

ՕՄՕՆ-ի գումարտակի հրամանատարը կալանավորվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից 33 հազար դոլար Մխիթարյանից նրա մեքենայում ստանալուց հետո։ Պետպաշտպանության կենտրոնի ղեկավարի տեղակալին ազատել են քրեական պատասխանատվությունից, քանի որ նա ավելի վաղ Պիտալեւին ասել էր, որ չի կարող ազդել Մխիթարյանի պետպաշտպանությունը երկարացնելու որոշման վրա, եւ տուժածից փող նրան հարկավոր չէ։

Պիտալեւն ընդունել է մեղքը մասամբ։ Նա ասել է, որ խարդախություն է կատարել, քանի որ հնարավորություն չի ունեցել ազդելու Մխիթարյանի պահպանության ռեժիմը երկարացնելու վրա, քանի որ այդ հարցը դատարանի եւ քննության իրավասության ներքո է։ Սակայն դատարանը որոշել է, որ Պիտալեւը, թեեւ չէր կարող չեղարկել պետպաշտպանությունը, բայց կարող էր տեղեկություններ տալ Պետպաշտպանության կենտրոնին, որոնք կարող էին ազդել Մխիթարյանի պահպանությունը հանելու որոշման վրա։

Ինչպես հետեւում է քրեական այլ գործերի նյութերից, Պիտալեւը նախկինում որպես վկա անցել է Մանեժնայա հրապարակում 2010 թվականի անկարգությունների գործով, այդ թվում՝ ցուցմունքներ է տվել Մոսկվայի Տվերյան դատարանում։