Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման անօրինականության մասին հայտարարություններն անգրագետ են: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Ասում են, որ ՍԴ որոշումն անօրինական է, քանի որ կա երկու հատուկ կարծիք: Սա ի՞նչ անգրագիտություն է: ՄԻԵԴ բոլոր որոշումներն ունեն դատավորների հատուկ կարծիք: Այսպիսի հայտարարություններից ընդարմացման մեջ ես հայտնվում: Սա անգրագիտության ուղղակլի վկայություն է»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ իրավական պետությունը դեռ 10 տարի կլինի մեր նպատակը: Իրավապաշտպանի կարծիքով՝ երկրի նոր իշխանություններն իրենք են խախտում միջազգային օրենսդրությունը՝ հաճախ պարզապես արհամարհելով այն: Ավելին՝ եթե հետեւենք նրանց դատողությունների տրամաբանությանը, ապա կարելի է եզրակացություն կատարել բուն նոր իշխանության անօրինականության մասին: «Եկեք հասկանանք, որ նման փաստարկները չափազանց անհաջող են, դրանք երկիրը քաոսի են տանում: Ես դեմ եմ դրան: Իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Սահմանդրությունն ու ՍԴ-ն վատն են, հղի են բացասական հետեւանքներով, որոնք կարող են հանգեցնել այն եզրակացության, որ իշխանությունները եւս անօրինական են»,- զգուշացրեց իրավապաշտպանը: 

Ի պատասխան նախկին նախագահի դեմ դատավարությանն առնչվող հարցին՝ Ալավերդյանը նշեց, որ այն անհատականացված է, եւ դա ավելի վատթար է, քան եթե քաղաքականացված լիներ: Նրա խոսքով՝ եթե երկրորդ դեպքում մեծ նպատակի նշաններ կան, ապա առաջին դեպքում ամբողջ գործընթացը կառավարվում է բարդույթներով: Ալավերդյանը, միաժամանակ, կարծիք հայտնեց, որ այսպիսի դատավարություններ ավելի շատ կլինեն, քանի որ միտումը հստակ արդյունավետ հակազդեցության չի հանդիպում: «Պատահական չէ, որ ուժային կառույցների ղեկավարները սկսեցին հրաժարական ներկայացնել»,- նշեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ այս գործողությունները մեծացնում են իրավական պետության տանող ճանապարհը: Լարիսա Ալավերդյանը միաժամանակ նշեց, որ կոռուպցիոներներին որոնելիս պետք է մնալ միջազգային օրենսդրության շրջանակում:

«Այս ճանապարհը տաճար չի տանում: Մովսեսը 40 տարի հրեաներին տարավ անապատով: Մենք արդեն 30 տարի անցել ենք»,- պատկերավոր եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: