Տեղեկատվության այն ամբողջ ծավալը, որ տրամադրվում է ՊՆ-ի կողմից ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովին, ավելի մեծ արժեք ունի, քան մեկ անձի տված տեղեկատվությունը: Այս մասին, այսօր՝սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նրան, որ այդ հանձնաժողովում քննվել են նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցներ:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱԺ այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ՊՆ-ում լինեն պաշտոնանկություններ, նախարարը պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ կարող բացառել, բայց ոչ ԱԺ հանձնաժողովի գործունեության ընթացքում: Շատ հնարավոր է՝ եզրակացությունները լինեն այնպիսին, որոնք նաեւ պաշտոնանկություններ լինեն: Բայց ես այս պահին բացառում եմ: Ես մի անգամ ասել եմ, որ 2016-2017 թվականներին տասնյակ քրեական գործեր են հարուցվել հենց ապրիլյան գործողությունների մասով: Տարբեր որոշումներ են կայացվել, որոշ գործեր կարճվել են, որոշ գործեր մինչեւ հիմա շարունակվում են»:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովից իրեն դեռ չեն հրավիրել, բայց կհրավիրեն. «Երեւի հերթը ինձ էլ կհասնի: Հրավեր դեռ չունեմ հանձնաժողովից, բայց կունենամ: Մենք բոլոր արժեքավոր տեղեկությունները փոխանցում ենք հանձնաժողովին»:

Նա հավելեց, որ ՊՆ-ում կազմվել է շատ բազմակողմանի վերլուծություն, որը կարող է որոշակի նաեւ ուղղորդում հանդիսանալ հանձնաժողովի աշխատանքներում. «Կարող են ավելի շատ հարցեր առաջանալ եւ կարող են շատ հարցեր ընդհանրապես փակվել»: