Մեծ Բրիտանիան նորից կարող է հետաձգել ելքը Եվրամիությունից՝ ծանրակշիռ հիմքերի առկայության պարագայում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն իռլանդական սահմանին, անգամ Բրյուսելի հետ Եվրամիության առջեւ ֆինանսական պարտավորությունների կատարման գործարքի բացակայության պայմաններում։ Այս մասին ասվում է չորեքշաբթի Եվրախորհրդարանի լիագումար նիստում հավանության արժանացած բանաձեւում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այդ փաստաթուղթը կոչված է ընդգծելու Եվրամիության դիրքորոշումը կարեւոր հարցերում, որոնք վերաբերում են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի շրջանակում։ Դրա ընդունման օգտին քվեարկել է 544 պատգամավոր, դեմ՝ 126, եւս 38-ը ձեռնպահ է մնացել։

«Եվրախորհրդարանը հավանություն կտա ժամկետը երկարացնելուն Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, եթե դրա համար լինեն պատճառներ եւ նպատակ, մասնավորապես՝ Brexit-ից խուսափելու (ցանկություն) առանց գործարքի, անցկացնել խորհրդարանական ընտրություններ կամ հանրաքվե, հրաժարվել 50-րդ հոդվածի կիրառումից կամ համաձայնագիր կնքել դուրս գալու պայմանների մասին»,- ասել են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ դա չպետք է անդրադառնա ԵՄ ինստիտուտների գործունեության վրա։ Նրանք հիշեցրել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ընդունել է օրենք, որը պարտավորեցնում է կառավարությանը ԵՄ-ից խնդրել Brexit-ի հերթական հետաձգման մասին, եթե գործարքը Բրյուսելի հետ ձեռք չբերվի հոկտեմբերի 19-ին, այն դեպքում, երբ դուրս գալու պաշտոնական օրը ներկա պահին հոկտեմբերի 31-ն է։