Այսուհետ ամեն տարի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, տոնական գլխավոր միջոցառումներից մեկը լինելու վարչապետի մրցանակաբաշխությունը, որը կոչվում է մեր ժամանակի հերոսը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

Նրա խոսքով, մրցանակաբաշխության իմաստն այն է, որ ամեն քաղաքացի կարող է հերոս լինել եւ անհատական ջանքի վրա է ստեղծվում ամեն ինչ. «Չհուսահատվող, կատարելագործվող քաղաքացին է հենց հերոսը լինելու»:

Հովհաննես Մովսիսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ հեռուստատեսությամբ սկսեց հեռարձակվել «Մեր ժամանակի հերոսը» հաղորդումը, որը պատմում է հաջողության հասած տարբեր քաղաքացիների մասին, որոնք տարբեր մասնագիտություններ ունեն, տարբեր մարզերից են:

«Մենք այս պահին ունենք 45 հերոսներ, որոնք բոլորն այս պահին մրցանակի հավակնորդներ են: Լինելու է 13 մրցանակ: 12-ը ստանալու են տարբեր պաշտոնյաների կողմից, իսկ մեկ գլխավոր մրցանակ տալու է վարչապետը միջոցառման վերջում»:

Մրցանակաբաշխությունն, ըստ նրա, տեղի է ունենալու առավոտյան, իսկ երեկոյան Հանրային հեռուստատեսությամբ կցուցադրվի:

Մրցանակաբաշխությունն ուղեկցվելու է սիմֆոնիկ երաժշտությամբ:

Հովհաննես Մովսիսյանը ներկայացրեց մրցանակաբաշխության արձանիկը, որի վրա գրված է. «Եվ այդ մեկ մարդը դու ես»: