Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նիստի մասնակիցներն այսօր «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում մասնակցել են շարունակական կրթության եւ սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը։

Շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնում կվերապատրաստվեն Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային եւ կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպոթյան ներգրավմամբ։