ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

 Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանին տրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքը՝ երկուստեք կարեւորելով դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Նախարար Սուրեն Պապիկյանը գործընկերոջն է ներկայացրել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը՝ այս տեսակետից ընդգծելով Գործակալության կողմից ոլորտի մասնագետների պրոֆեսիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներին եւ վերապատրաստման սեմինարներին հայ մասնագետների ակտիվ ներգրավվածությունը։

Դաժու Յանգն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կարեւոր ներդրումը տեխնիկական համագործակցության ապահովման գործում՝ որպես ձեռքբերում հիշատակելով Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ 2018-2023թթ․ տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքումը։