Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել են, մասնավորապես, Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության ընթացքին եւ գործունեությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կենտրոնի գործունեության բովանդակային, վարչական, կազմակերպչական, ֆինանսական ասպեկտներին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարեւորում է Հրանտ Մաթեւոսյանի գրական ժառանգությունը ներկայացնող ու տարածող մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծումը, եւ առաջարկել է նրա որդուն՝ Դավիթ Մաթեւոսյանին «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ համապատասխան մասնագետների հետ համատեղ քննարկել ու մինչ այս տարվա դեկտեմբեր ներկայացնել նախագիծ, որը կներառի համապարփակ լուծումներ կենտրոնի բովանդակային հագեցվածության, վարչական աշխատանքների կազմակերպման եւ ֆինանսական գնահատականի վերաբերյալ:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության՝ մշակութային հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված ռազմավարությանը եւ նկատել, որ մշակութային կազմակերպությունների գործունեության ծրագրում՝ որպես կարեւոր բաղադրիչ պետք է ներառված լինի նաեւ սեփական եկամուտների ավելացման եւ ներդրումների ներգրավման վերաբերյալ գնահատականը։ Վարչապետի խոսքով՝ Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի օրինակով կարելի է սկսել այդ գործընթացը: