Մինչեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ  ընտրվելը եղել եմ քննադատողի դերում, բոլորիդ հետ բազմաթիվ անգամներ զրուցել եմ եւ գտել եմ, որ ինչ–որ հարցում ԲԴԽ–ն թերացել է, բայց ուզում եմ խոստովանել, որ հայտնվելով ԲԴԽ-ում, ուսումնասիրելով 1 տարուց ավելի կատարված աշխատանքը, վստահեցնում եմ, որ բավական լուրջ աշխատանք է կատարվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ հանդիպմանն ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Նրա խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքով այն իրավական հիմքն է ստեղծվել, որը թույլ է տալիս այսօր նորմալ գործունեություն իրականացնել. «Խոսքը վերաբերում է ներքին կառուցակարգերին, աշխատակարգերին, այս մեկ տարվա ընթացքում ընդունված որոշումներին։ Ինձ համար զարմանալի էր, որ մեծ ծավալի աշխատանք էր կատարվել։ Սա ասում եմ որպես ձեր կոլեգա, ով քննադատողից դարձավ պատասխանատու»։

Ռուբեն Վարդազարյանը շեշտեց՝ շատ հեշտ է քննադատել, երբ ԲԴԽ անդամ չես. «Անդամ դառնալուց հետո, ես  իմ ուսերի վրա զգում եմ 230 հոգու համար պատասխանատվություն եւ փորձում եմ այնպես անել, որ մեր աշխատանքում չընկնենք ծայրահեղությունների գիրկը։ Դա բավական լուրջ բեռ է ԲԴԽ-ի ուսերին։ Ցանկացած որոշում ընդունելիս մենք գիտակցում ենք, որ կրում ենք 230 հոգու համար պատասխանատվություն»։