Դատական նիստերի քարտուղարների, գործավարների ու դատավորների օգնականների ցածր աշխատավարձերի խնդիրը միանշանակ ընկալելի է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ հանդիպմանն ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Որակյալ իրավաբանը, որակյալ օգնականը, իմ կարծիքով, շատ ավելի շատ պետք է ստանա, քան այս պահին ստանում է։ Մենք բոլորս առնչվել ենք այդ խնդրին։ Մի փոքր փորձ, մի փոքր գիտելիք են ձեռք բերում, դառնում են մասնագետ, միանգամից գնում են բանկեր, մասնավոր կազմակերպություններ, որտեղ 2-3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում։ Ստացվում է՝ մենք կադրեր ենք պատրաստում մասնավոր ընկերությունների կամ բանկերի համար։ Բոլորս ունեցել ենք օգնականներ, որոնք 2 տարի աշխատել, փորձ են ձեռք բերել և գնացել են։ Խնդիրն աշխատավարձը բարձրացնելն ու նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծելն է»,-ասաց նա։

ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանն էլ հավելեց, որ աշխատակազմի աշխատավարձի հարցը ԲԴԽ–ի համար կարևորագույն հարցերից է, ավելին, անելու են ամեն ինչ, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հասնեն աշխատավարձերի ավելացմանը։

«Երբ ԲԴԽ-ն դեռ չէր ստանձնել իր պարտականությունները, մենք դեպարտամենտում ծառայության մասին օրենքի նախագիծը ձեռք ենք բերել կառավարության կողմից ԱԺ ներկայացնելու փուլում եւ անգամ ամբողջական 2 օր չունեինք այդ ահռելի օրենքի նախագիծը մեզ համապատասխանեցնելու համար։ Այդ զարհուրելի վիճակը, որ մեր օգնականները մնում էին նույն դասային աստիճաններում, անթույլատրելի էր։ Մեր ունեցած բյուջեի պլանավորման շրջանակում հնարավորություն ունեցանք  բարձրացնելու նրանց դասային աստիճանը։ Փաստացի անտեսեցինք, որ դասային աստիճանը, որը շնորհվում է օգնականներին, իր հետ բերում է նաև մեկ այլ խնդիր՝  աշխատանքի ընդունվելու ավելի բարձր չափանիշեր է պահանջում։ Հիմա, փաստորեն, դժվարացել է նաև օգնական գտնելու և նշանակելու հարցը։ Ուզում եմ վստահեցնել՝ դա ԲԴԽ–ի համար կարևորագույն հարցերից է»։