ԱՄՆ զինծառայողները կարող են հեռանալ ամերիկա-մեքսիկական սահմանից պատի կառուցումից հետո։ Այս մասին չորեքշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Կալիֆոռնիայի նահանգում, ամերիկա-մեքսիկական սահմանին։ Նրա ասածները հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Զորքերը կարող են հեռանալ (ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի) սահմանից  եւ կփոխարինվեն սահմանապահ ծառայությունների աշխատակիցներով, հենց որ պատի կառուցումն ավարտվի»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը դեռեւս գործում է երկրի հարավային սահմանին։ «Ես կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք, երբ պատի կառուցումը հասցվի ավարտին, եւ մարդկանց առեւտրով զբաղվողները չեն կարողանա հայտնվել (ԱՄՆ-ում)։ Ես կարծում եմ, որ, անշուշտ, սա մասշտաբային արտակարգ դրություն է»,- ասել է Թրամփը։

Պենտագոնը գալիք տարի Մեքսիկայի հետ սահմանին կթողնի մինչեւ 5,5 հազար ամերիկյան զինծառայող։ Սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնի վարչակազմն ընդունել է որոշում՝ 3,6 մլրդ դոլար օգտագործել Մեքսիկայի հետ սահմանին նոր պատնեշների կառուցման համար։ Ֆինանսավորման կեսը կվերուղղորդվի ԱՄՆ տարածքներում ռազմաշինության նախագծերից, մյուս մասը կվերցվի այն միջոցներից, որոնք նախատեսված են արտասահմանում համանման նախագծերի համար։ Ընդհանուր առմամբ, դա կվերաբերի 127 նախագծի։

Թրամփը փետրվարի 15-ին ստորագրել է հռչակագիր երկրի հարավային սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին։ Դա թույլ կտա ամերիկյան վարչակազմին, մասնավորապես, մոտ 8 մլրդ դոլար կուտակել Մեքսիկայի հետ սահմանի մի քանի հատվածներում պատնեշներ կառուցելու կամ նորոգելու համար։ Վաշինգտոնում կարծում են, որ  դա թույլ կտա կասեցնել անլեգալ ներգաղթը եւ թմրանյութերի մաքսանենգությունը։ Ավելի վաղ Թրամփը փորձում էր պետբյուջեում ներառել 5,7 մլրդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Այս հաշվով դեմոկրատների հետ վեճերի պատճառով Կոնգրեսում 2018-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ բյուջետային ճգնաժամ, որն ուղեկցվեց դաշնային կառավարության աշխատանքի դադարեցմամբ, որը տեւեց ռեկորդային՝ 35 օր։

The Washington Post թերթի տվյալներով՝ ներկա պահին Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված են ավելի քան 5 հազար ամերիկացի զինծառայողներ, որոնք աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ սահմանապահ ծառայություններին։ Սպիտակ տունը նրանց թույլ է տվել ուժ կիրառել եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանել պետական մարմինների աշխատակիցներին միգրանտների հնարավոր հարձակումներից։