Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու ծրագրի շրջանակներում երրորդ անգամ գումար հատկացնել ՊԵԿ-ին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ ավտոմաքսատան կառուցման առաջին փուլում ՊԵԿ-ին հատկացվել է 181 մլն դրամ, երկրորդ փուլում (կառավարության օգոստոսի 8- նիստում) հատկացվել է 966 մլն դրամ, իսկ այս փուլում հատկացվում է 970 մլն դրամ: Աշխատանքները իրականացվում են մեկ անձից գնում կատարելու միջոցով:

Նա վստահեցրեց, որ տեղավորվում են ժամկետների մեջ եւ հոկտեմբերի 11-ին մաքսատունը կբացվի. «Այո, տեղավորվում ենք ժամկետների մեջ, թեեւ ինչ-որ մի փուլում կարող ենք անցնել 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Հոկտեմբերի 11-ը որպես մեկնարկի ամսաթիվ, մնում է նույնը: Օրը կարող է փոխվել բացմանը ձեր ներկայությունն ապահովելու համար»,-ասաց Անանյանը՝ դիմելով վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավտոմաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով, որպեսզի ավտոմեքենաների ներկրման այս ակտիվ փուլում այն աշխատի. «Հույս ունեմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա, և վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք»,- կատակեց վարչապետը։

«Իրականում ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն եղել է, արել ենք», – պատասխանեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ինչն ավելի զվարճացրեց վարչապետին։

«Ասում է՝ էս էլ հանգուցյալի վերջին ցանկությունը»,- հումորային հոլովակից մեջբերում արեց Փաշինյանը։