Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 9 մլն 436.8 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ դեպքը տեղի է ունեցել 2016-ի ապրիլի 5-ին, Թալիշում: Պաշտպանության նախա¬րա¬րության հատուկ նշանակության ստորաբաժանման պայմանագրային ավագ սերժանտ Հայկ Սեխլիյանը ստացել է ականապայթյու¬նային ողնաշար-ողնուղեղային վիրավորում:

«Գումարը ներառում է ստացիոնար բուժման եւ կեցության ծախսերը, ճանապարհածախսը: Կա մասնագիտական եզրակացություն, որ Հայկ Սեխլիյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ»,-ասաց Տոնոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս հարցը քննարկել են բավականին երկար ու մանրամասն:

«Եկել ենք եզրահանգման, որ բոլոր այն դեպքերում, երբ պատշաճ բուժումը հնարավոր է իրականացնել ՀՀ-ում, մենք նման լուծումների չենք գնա՝ ուղղակի ֆորմալ արտասահման ուղարկելու տրամաբանությամբ, իսկ այն դեպքերում, երբ կա հստակ մասնագիտորեն հիմնավորված անհրաժեշտություն, իհարկե, այդ դեպքերը առանձին-առանձին կքննարկենք և կկայացնենք որոշում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: