ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներկայիս պայմաններին, ընդհանուր վիճակին ծանոթանալու, այնտեղ առկա խնդիրները վերհանելու եւ արձանագրելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը շարունակում է իր աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ: Սեպտեմբերի 18-ին ծառայության պետը տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում:

Շրջելով հիմնարկի բնակելի տարածքում՝ տեղում ծանոթացել է կալանավորված անձանց եւ դատապարտյալների պահման պայմաններին, նրանց իրավունքների պատշաճ իրացմանը:

Եղել է զբոսահրապարակում, հանձնուքների ընդունման եւ տեսակցությունների սենյակներում, ճաշարանում, որտեղ ստուգել է սննդի որակն ու պատրաստման պայմանները, ծանոթացել օրվա ճաշացանկին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հիմնարկի բուժմասի տեխնիկական հագեցվածությանը: Ազատազրկված անձանց հետ առանձնազրույցների ընթացքում հիմնականում բարձրացվել են նրանց պահման պայմանների բարելավմանը, բուժսպասարկմանը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատմանն առնչվող հարցեր:

Հիմնարկի վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ ծառայության պետի կողմից տրված հանձնարարականները հիմնականում ուղղված են եղել արձանագրված թերությունները ողջամիտ ժամկետներում վերացնելուն, ինչպես նաեւ հրահանգվել է գործել միայն օրենքի սահմաններում, բացառել ցանկացած անօրինական կապերն ազատազրկված անձանց եւ տեղաբնակների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատազրկվածների գերակշիռ մասը տեղի բնակիչներ են։

Ա. Գոյունյանը կարեւորել է նաեւ ազատազրկված անձանց կողմից բարձրացված առաջնահերթ հարցերին հնարավոր լուծումներ տալու անհրաժեշտությունը,  հանձնարարվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել  դատապարտյալների զբաղվածության խնդրին եւս: